Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Որքան ջանք ու ժամանակ է պետք՝ մաքրելու ավգյան այս ախոռները

Սամվել ՍԵՎԱԴԱ. Որքան ջանք ու ժամանակ է պետք՝ մաքրելու ավգյան այս ախոռները
06.04.2014 | 13:37

«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա»:


Հանճարեղ պոետի այս խոսքերը միշտ հետապնդել են ինձ: Դեռ պատանի հասակից:
Եվ ամեն անգամ, տարբեր տարիներին, տարբեր տարիքում նոր իմաստ ու նոր երանգ են ստացել, նման Միքելանջելոյի այն հանճարեղ գլուխգործոցներին, որոնք երբեք չեն հնանում, և որոնց կողքից ուղղակի անհնար է անտարբեր անցնել:
Հիմա, առավել քան երբևէ, այս տողերը կարևորվել են դարձյալ:
Արդեն բավական ժամանակ է, որ մեր երկրում սկսվել են նախագահական նախընտրական գործընթացները: Լարվածությունը մեծացավ մինչև այն պահը, երբ երկրի առաջին նախագահը, որն արդարացիորեն համարվում էր ամենացայտուն հավակնորդն ու ամենաուժեղ հակառակորդը գործող ու կրկին գործելու պատրաստվող նախագահին, զենքերը վայր դրեց:
Երկար ժամանակ նախապատրաստված շախմատային պարտիան 99 տոկոսով ավարտված համարելով՝ իշխանությունները հանգիստ շունչ քաշեցին: Նախընտրական դաշտը ամայացավ կարծես: Մանրումեծ թեկնածուները, իրենց անհասկանալի ու հասկանալի շրջապատներով, տեղի ու անտեղի ելույթներով ավելի ծիծաղելի են դարձնում իրավիճակը: Սա էն ամոթալի պահերից է, երբ մարդ Աստծուց խնդրում է արագացնել ժամանակը: Թող այս ամենը շուտ վերջանա` «ինչ լինում է՝ լինիի» գնով: Միայն թե շուտ ավարտվի այս խեղկատակությունը:
Արդեն երկար տարիներ գործող իշխանությունը, որն արդարացիորեն ու երբեմն էլ ցինիկաբար իրեն «իշխանություն» է հորջորջում, բաղկացած է արդեն հիմնավորված, սարսափելի ու անհասկանալի միջոցներով հարստացած, երկրի տերուտիրական դարձած իշխաններից, որոնք հեռավոր նմանություն իսկ չունեն մեր միջնադարյան խեղճուկրակ իշխանների հետ: Եթե նրանց գլխավոր թերությունը անմիաբան լինելն էր, ապա այս դեպքում գործ ունենք շատ լավ միաբանված ու միավորված, կես խոսքից իրար հասկացող, ապրելակերպի ու վարքի քաղաքակիրթ կանոնները վաղուց ոտնահարած, ինքնապաշտպանության ժամանակակից բոլոր միջոցներին տիրապետող, լավ զինված ու համասեռված մի զանգվածի հետ, որն արդարացիորեն կարելի է համեմատել չարորակ ուռուցքի հետ և որն իր մեթաստազները խնամքով ու ջանասիրաբար տարածել է երկրի բոլոր անկյուններում:
Աստված իմ, որքան ջանք ու ժամանակ է պետք՝ մաքրելու ավգյան այս ախոռները:
Հիմա անդրադառնամ Չարենցի խոսքերին:
Մեր այս փոքրիկ, տանջված ու բզկտված երկրում նավապետի ղեկը վերցնելու պատրաստվող յուաքանչյուր ոք, նախևառաջ և ամեն ինչից առաջ, պիտի հասկանա և ընդունի, որ ինքն ու իր թիմը չեն գալիս կազմելու հերթական իշխանությունը, որը նոր չարիքներ կբերի մեր ամեն ինչին հարմարվող, խեղճուկրակ ժողովրդի գլխին, այլ գալիս է ծառայելու արդեն վերջին հույսը կորցնող, ցաքուցրիվ դարձած ազգին: Գալիս է, հոգու խորքում ընդունելով, որ ինքը զոհ է, որի համար «պարաններ կան պատրաստ և երկնուշեղ փայտեր երկու»:
Առաջին նախագահի հատկապես վերջին տարիների վարքը դա էր ցույց տալիս, ափսոս, որ «Մաֆիա» խաղի կանոնների համաձայն հենց առաջին գիշերը «խփեցին» նրան: Ափսոս: Պայքարը գունաթափվեց:
Շատ դժվար է հավատալ, բայց և ցանկալի, որ կգա մեկը, ով հոգու խորքում կհասկանա ու կընդունի ԶՈՀԻ կարգավիճակը:
Թե չէ մեր իշխանները մեզ լիուլի բավական են...

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ